Դավութօղլուն Բարզանիին կխնդրի չաջակցել Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծմանը

Armenpress 20:25, 30 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսային շրջանների վերահսկողությունը քրդերին անցնելուց խիստ անհանգստացած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 1-ին կայցելի իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ, որտեղ նա Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիին կխնդրի չաջակցել Սիրիայում քրդական ինքնավարության հնարավոր ստեղծմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը` նշելով, որ Դավութօղլուն Բարզանիին երեք հիմնական ուղերձ կհղի:

Նշվում է, որ Դավութօղլուն մտադիր է անհանգստություն հայտնել Սիրիայի` Թուրքիայի հետ սահմանակից քրդաբնակ 6 շրջաններ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թեւ համարվող PYD կազմակերպության վերահսկողության տակ անցնելու կապակցությամբ:

Հեռուստաալիքի Kanal 7 ծրագրին տված հարցազրույցում Դավութօղլուն հայտարարել է` Բարզանիի հետ հանդիպման ժամանակ ինքը պետք է ընդգծի Անկարայի այն դիրքորոշումը, որ Սիրիայում որեւէ ահաբեկչական խմբավորում չպետք է լինի, Էրբիլը չպետք է աջակցություն ցուցաբերի Սիրիայի ընդդիմության հետ բախվող PYD-ի խմբավորումներին եւ Սիրիայի հյուսիսում չպետք է էթնիկ կամ կրոնական հիմքով որեւէ կազմավորում ստեղծվի:

Դավութօղլուն հայտարարել է, որ Սիրիայում «վստահելի» պետական կառույց ստեղծվելուց հետո Անկարան կաջակցի, որպեսզի «սիրիաբնակ քրդերը ստանան այդ երկրի սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am