ԵԱՀԿ-ն նոր ծրագրերով կաջակցի կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանը քաղաքական կյանքում

Armenpress 21:58, 25 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը հուլիսի 25-ին հայտարարել է մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք կնպաստեն Հայաստանում 2012 - 2013թթ. տեղական ինքնակառավարման և նախագահական ընտրությունների նախաշեմին կանանց` քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու հնարավորությունների ընդլայնմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի ծառայությունից` ծրագրի իրականացման համար ֆինանսական աջակցություն  է տրամադրում Նիդերլանդների կառավարությունը:

«Տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպես նաև հասարակական կյանքում կանանց մասնակցության խթանումը ժողովրդավարության առաջընթաց ապահովելու կարևոր գործոն է: Դրական ազդեցությունը, որ կանանց մասնակցությունն ունի հասարակական կյանքում կայունության և անվտանգության վրա, անհերքելի է», - ասել է Սորոկինը:

Ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն, այդ թվում` լավագույն փորձի վերաբերյալ ուսուցողական սեմինարներ` խրախուսելու կանանց` որպես առաջնորդների, որոշում կայացնողների և թեկնածուների, կատարելագործելու գենդերային հարցերի շուրջ քաղաքական ծրագրերի մշակման, արդյունավետ քարոզչության և լրատվամիջոցների հետ աշխատանքի կարողությունները:

 «Ես տպավորված եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հաստատակամությամբ և եռանդով և հավատացած եմ, որ իրենց աշխատանքը նաեւ համայնքային մակարդակում կօգնի ապահովել կանանց բարձր մասնակցությունը տեղական ընտրությունների ընթացքում», -նշել է Նիդերլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը հասարակական այն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, որոնց կողմից կիրականացնեն ծրագրերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am