«Ադրբեջանցի» ինքնությունը հորինվել է ԽՍՀՄ-ում եւ այդպիսի երկիր գոյություն չի ունեցել. ադրբեջանցի քաղաքագետ

Armenpress 13:13, 21 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք նոր ժողովուրդ ենք: Եթե հարյուր տարի առաջ Բաքվի փողոցներում առաջին պատահածին հարցնեիք, թե ինքն ով է, կպատասխաներ, որ մահմեդական է, իսկ հետո կասեր, որ ինքը թաթար է: «Ադրբեջանցի» ինքնությունը հորինվել է ԽՍՀՄ-ում», -այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը:

Ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանում «Մեծ Ադրբեջանի» մասին առասպել է շրջանառվում, որը, իբր, բաժանված է Պարսկաստանի եւ Ռուսաստանի միջեւ: «Բայց ցանկացած հանրագիտարան կբացատրի, որ այդ ամբողջ տարածքը պարսկական Քաջարների դինաստիայի նախկին վասալային փոքր խանություններն են: Ամեն խան 10-12 երեխաներ է ունեցել: Ավագ որդուն պատանդ են ուղարկել իրանական շահի պալատ: Հոր յուրաքանչյուր ըմբոստության դիմաց հանել են նրա որդու աչքերը կամ կտրել ձեռքերը: Խաներն էլ, բնականաբար, հարկ են վճարել շահին», -պատմել է Ալիզադեն:

Քաղաքագետի խոսքով, երբ Իրանում ներքին գժտություններ են սկսվել, այդ խաները որոշել են օգտագործել պահը եւ անկախանալ, սակայն հետագայում վախեցել են ուժերի անհավասարությունից եւ դիմել են Եկատերինա 2-րդ կայսրուհուն` նրա իշխանության տակ անցնելու խնդրանքով: Դրանից հետո խաները սկսել են ապստամբել նաեւ Ռուսաստանի դեմ: «Արդյունքում` նրանց վզակոթին տվել են միանգամից երկու կողմից` ռուսական եւ պարսկական: Ռուս-պարսկական երկու պատերազմների արդյունքը դարձել է 1828 թ-ի Թուրքմենչայի պայմանագիրը, որով  Հայաստանի եւ Ադրբեջանի ներկա տարածքները թողնվել են Ռուսաստանին: Այնպես որ, որպես պետություն, ոչ մի Ադրբեջան էլ մինչեւ 1918 թ-ին խորհրդային իշխանության գալը, ուղղակի չի եղել», -հայտարարել է Ալիզադեն:  

Թերթը նշում է, որ ամբողջ Հարավային Կովկասը Մեծ Հայաստանի մաս է կազմել: Սակայն,  վերջին հազարամյակում հայկական տարածքներում սկսել են թուրքեր բնակվել, որոնց հայերը եկվորներ են համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am