Սիրիահայերը չեն կարողանում Հայաստան գալ տոմսերի թանկ լինելու պատճառով

Armenpress 13:22, 14 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ սիրիահայեր բողոքում են, որ չեն կարողանում Հայաստան գալ ինքնաթիռի տոմսերի թանկ լինելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը, սիրիահայերն այդ հարցը բարձրացրել էին դեռ անցած տարի, երբ «Արի տուն» ծրագրի շրջանակներում գտնվում էին Հայաստանում: «Մեր հայրենակիցները չեն կարողանում գալ Հայաստան ազգային փոխադրող «Արմավիա»-ի բարձր գների պատճառով: Պետք է զեղչային համակարգ ստեղծել»,-ասաց նա: Ենթահանձնաժողովը շարունակելու է բարձրացնել այդ հարցը եւ առաջիկայում նամակով դիմելու է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը:

Սիրիահայ Հարութ Փալուլյանի խոսքով` սիրիական ավիաուղիներն ավելի էժան են տրամադրում Սիրիա-Երեւան-Սիրիա տոմսերը, բայց այնտեղ էլ տեղ չկա: «Սիրիական ավիաուղիներ»-ը չվերթն իրականացնում են 320, իսկ «Արմավիա»-ն` 470 դոլարով»,-ասաց նա: Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին` Փալուլյանը նշեց, որ եթե Բաշար ալ- Ասադը մնա իշխանության, հայերի համար շատ լավ կլինի, իսկ եթե փոխվի իշխանությունը, հայկական համայնքի վիճակը կբարդանա:

Ավելի քան 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով Սիրիայում զոհվել է ավելի քան տասը հազար մարդ: Զինված ապստամբների գործողությունների արդյունքում հայկական համայնքը եւս կորուստներ է ունեցել. զոհվել են 6 հայազգիներ, որոնցից չորսը` Սիրիայի բանակի զինվորներ: «Սիրիան այժմ իրական պատերազմական դրության մեջ է, եւ իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ». առաջին անգամ երկրի իրադրությանը նման գնահատական տվեց նախագահ Բաշար Ասադը հունիսի 26-ին:

Հուլիսի 2-ից ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը վերականգնել է Հալեպ-Երևան չվերթը, որը դադարեցվել էր այս տարվա մարտի 25-ից: Չվերթի իրականացումը դադարեցվել էր` հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգավոր հետևանքները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am