Վերատպության շնորհիվ Քոչարի աշխատանքները հաճախ կցուցադրվեն մարզերում

Armenpress 18:55, 10 Հուլիս, 2012

ԵՐԵՎԱՆ, 10  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երվանդ Քոչարի աշխատանքների վերատպությունները հեշտացրել են դրանք մարզերում ցուցադրելու գործընթացը: «Մարզեր տանելու նպատակով վերատպության են ենթարկվում այն ստեղծագործությունները, որոնք գտնվում են արտասահմանում, ինչպես նաեւ թանգարանում գտնվողները»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարը:

Նրա խոսքով`ստեղծագործությունների բնօրինակները թանգարանից դուրս հանելու համար պահանջվում է նախարարի հրամանը, ինչպես նաեւ ապահովագրական միջոցներ: «Այս առումով ավելի հեշտ է  Քոչարի ստեղծագործությունների վերատպությունների միջոցով կազմակերպել ցուցահանդեսներ, քանի որ այդ դեպքում բնօրինակները չեն տեղաշարժվում»,-բացատրեց թանգարանի տնօրենը: Կտավների վերատպություններով ցուցահանդեսները կազմակերպվում են հիմնականում մարզերում: «Մենք արդեն եղել ենք Հայաստանի մի քանի մարզերում եւ մոտակա ժամանակներում նախատեսվում են ցուցահանդեսներ Վանաձորում եւ Հրազդանում»,-ասաց Լալա Քոչարը: Նրա խոսքով` բացի վերատպություններից այնտեղ ներկայացվում են նաեւ ստեղծագործությունների մասին պատմող ֆիլմեր: «Քոչարի արվեստը շատ  գաղափարակիր է եւ նրա մեծությունն այսօր բոլորն են անվերապահորեն ընդունում, սակայն նրանցից շատ քչերին է հասու նրա արվեստը: Այն հասկանալու համար լուրջ պատրաստվածություն է պետք, եւ այդ պատճառով  մենք ցուցադրում ենք ֆիլմեր, որպեսզի ավելի մատչելի եւ հասկանալի դարձնենք այդ գործերը»,-ընդգծեց տնօրենը:

Նախաձեռնությունն իրականացվում է 2010 թվականից  եւ գրեթե բոլոր ցուցահանդեսնում իր արժանի տեղն է զբաղեցնում Սասունցի Դավթի քոչարյան պատումը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am