«Հարսնաքար»-ի հուլիսի 8-ի միջադեպի առնչությամբ քրգործ չի հարուցվի
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում որոշում է կայացվել «Հարսնաքար» ռեստորանի մոտ նախօրեի միջադեպի առնչությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: ԶԼՄ-ները տարածել են տեղեկություն, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» ակցիայի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հուլիսի 8-ին հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով հայտնել է, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի: Միաժամանակ Արման Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց և դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց:
Նկատի ունենալով, որ լրատվամիջոցների հրապարակումներում վերը նկարագրված ենթադրյալ գործողությունները կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Բացի այդ, 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ընթացքում հավաքի մասնակիցները փակել են Աճառյան փողոցի երթևեկելի մասը՝ շուրջ տասը րոպե նստելով և պառկելով ճանապարհի լայնությամբ: Նշված վայրում գտնվող ոստիկանության ուժերը փողոցի բանուկ մասից դուրս են հանել տրանսպորտի երթևեկությունը փակած անձանց:
Վերոգրյալ իրադարձությունների կապակցությամբ արվել են մի շարք հայտարարություններ, որոնցում ոստիկանության գործողությունները գնահատվել են որպես անօրինական, ներառյալ՝ բռնություն պարունակող: Ուստի, այդ հայտարարություններում տեղ գտած փաստերը և դրանց տրված գնահատականները ստուգելու, ինչպես նաև նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով պատշաճ ընթացակարգի շրջանակներում կիրականացվի համապատասխան ուսումնասիրություն:
Միաժամանակ 2012թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ՝ միջադեպի այլ մասնակիցների վարքագծին կամ նրանց առանձին գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:
- «Հարսնաքար»-ում մոմեր են վառվում Վահե Ավետյանի հիշատակին
Մոմավառությունն ընթանում է խաղաղ, առանց միջադեպերի: Նախաձեռնության ընթացքին հետեւում են Երեւանի ոստիկանության աշխատակիցները: - Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել «Հարսնաքար»-ի գործի
կապակցությամբ
«Հարսնաքար»-ի միջադեպի իրավահաջորդի ներկայացուցիչները չեն ներկայացել ՀՀ ոստիկանություն գործի համապատասխան դատավարական փաստաթղթերին ծանոթանալու և պատճենները ստանալու համար: - «Հարսնաքար»-ի գործը քննող նախաքննական մարմնի վրա ճնշում չի կարող
գործադրվել. Ոստիկանություն
««Հարսնաքար»-ի գործը քննող նախաքննական մարմնի վրա ճնշումներ չեն եղել ու չեն կարող լինել: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վրա հնարավոր չէ ճնշում բանեցնել»,- վստահեցրեց Արսեն Այվազյանը: - Արմեն Աշոտյանը «Հարսնաքար»-ի ողբերգությունը երեք հարթության մեջ է
դիտարկում
Աշոտյանը նշեց, որ այս երեւույթի քաղաքականացման փորձերը ամբողջությամբ բարոյազրկում են քաղաքացիների բարոյական ցասումը: - Օմբուդսմենը «Հարսնաքար»-ի գործով ակտիվիստներին հորդորում է հեռու
մնալ քաղաքական նպատակներ հետապնդող կազմակերպություններից
«Կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել օրինականությունն ու իրավաչափությունն իրենց բոլոր գործողություններում և զերծ մնալ իրավիճակի ավելորդ սրացումից»,- հայտարարում է Կարեն Անդրեասյանը: