Լիրայի նոր խորհրդանիշը թուրքերին վստահություն չի ներշնչում

Armenpress 11:38, 2 Մարտ, 2012

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական տարբեր լրատվամիջոցներ լիրայի նոր խորհրդանիշի հրապարակումից հետո նկատել և արձանագրել են հայկական դրամի խորհրդանիշի հետ եղած նմանությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:

Թուրքական տարբեր օրաթերթերի գլխագրերում նշվում է թուրքական լիրայի խորհրդանիշի ակնհայտ նմանությունը հայկական դրամի հետ: Հակառակ դրան` լիրայի խորհրդանիշի հեղինակ Թուլայ Լալեն հերքել է ցանկացած տեսակի նմանությունը հայկական դրամի հետ, ինչպես նաև նոր խորհրդանիշում Թուրքիայի վարչապետ Էրդողանի անվան առաջին տառերի առկայությունը:

Մարտի 1-ին թուրքական լիրայի խորհրդանիշի հրապարակումից հետո դրա շուրջ բազմաբնույթ արձագանքներ տարածվեցին: Թուրք քաղաքական գործիչներ և արվեստագետներ հանդես են եկել նոր տարբերակը քննադատող հայտարարություններով: Գրաֆիկական դիզայներ Բյուլենթ Էրքմենը հայտարարել է, որ լիրայի նոր խորհրդանշում «L» և «T» տառերը ճիշտ չեն դրված: Նա, ինչպես նաև Թուրքիայում տարբեր գրաֆիկական նախագծերի հեղինակ Սադըք Քարամուստաֆան նշել են, որ նոր խորհրդանիշը շատ նմանություններ ունի այլ դրամական խորհրդանշերի հետ: Քարամուստաֆան նշել է, որ այն «վստահություն չներշնչող նշան է»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am