Մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոցն ունի նոր համակարգչային լսարան
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ փետրվարի 15-ին մանկավարժական համալսարանի հենակետային ավագ դպրոց-վարժարանում բացվեց համակարգչային լսարան: Հենակետային վարժարանում ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար եւ տնտեսագիտական հոսքերից բացի, գործում են նաեւ մշակութային (ռեժիսուրա, օպերատորություն, գեղարվեստական լուսանկարչություն, նկարչություն-դիզայն) եւ հոգեբանամանկավարժական (հոգեբանություն, լրագրություն) հոսքեր:
«Կրթական հաստատությունների տեխնիկական վերազինման ծրագիրը շարունակական է: Այսօր դժվար է պատկերացնել որակյալ կրթություն առանց նյութատեխնիկական հագեցվածության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Նրա խոսքով Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր կրթական ծրագրերի համատեքստում կարեւորում է դպրոցներում նյութատեխնիկական հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հիմնադրամի միջոցներով ոչ միայն կբացվեն համակարգչային լսարաններ, այլեւ կվերազինվեն լաբորատորիաները, աջակցություն կցուցաբերվի գրադարաններին: Նման ծրագրեր իրականացվելու են նաեւ ՀՀ զինված ուժերում: Պայմանավորվածություն կա նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ, եւ համակարգչային տեխնիկայով հագեցած լսարաններ կբացվեն նաեւ զորամասերում:
Վարժարանի 10-12-րդ դասարաններում սովորում է մոտ 330 աշակերտ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ համակարգչային տեխնիկայով կահավորված լսարանի բացումը հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել կրթության որակը վարժարանում, այլեւ ավելի արդյունավետ կդարձնի տարբեր առարկաների դասավանդումը: