Արամ Առաջինը հանդիպել է Ասիայի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղարին

Armenpress 19:13, 9 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը փետրվարի 9-ին ընդունել է Ասիայի եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղար դոկտոր Հանրիեթ Լեպանկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են միջեկեղեցական շարժման առջև ծառացած խնդիրները՝ հատկապես Ասիայի միջեկեղեցական շարժման ներկա իրավիճակը:

Վեհափառ հայրապետը հատուկ անդրադարձ է կատարել միջկրոնական երկխոսությանը` հաշվի առնելով ասիական տարածաշրջանում իսլամի, բուդդայականության և հինդու կրոնների տևական համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ասիական եկեղեցիների խորհրդին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անդամակցության հարցերը:

Դոկտոր Հանրիեթ Լեպանկը Արամ Առաջինին է փոխանցել Թայվանում, այնուհետև նաև Ինդոնեզիայում կայանալիք միջեկեղեցական համագումարներին մասնակցելու հրավերներ՝ երկու դեպքում էլ որպես գլխավոր բանախոս:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am