Քահանան հասարակությանը կոչ է անում աղանդների դեմ ոչ թե լցվել ատելությամբ, այլ ավելի աչալուրջ լինել

Armenpress 12:32, 3 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ժամանակներս կրոնական զանազան կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում մամուլի, զանգվածային լրատվական միջոցների քննարկման առանցքում եւ հասարակության ուշադրության կենտրոնում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթինյանը մեկնաբանեց կրոնական կազմակերպությունների ակտիվության պատճառները:

-Կրոնական կազմակերպությունների բավականին մեծ ակտիվությունը դրսևորվում է նախ իրենց ագրեսիվ քարոզչությամբ, լայնածավալ գովազդով: Այս տեսակ ակտիվությունը հասարակության մեղադրանքների յուրօրինակ հակադարձում է, քանի որ մյուս կողմից` այսօր համացանցում, մեդիա դաշտում կան ակտիվ քննարկումներ աղանդների գործունեության կործանարար ազդեցության վերաբերյալ: Մյուս կողմից էլ` դրան ի պատասխան իրենց ներկայությունը Հայաստանում արդարացելու համար`  դրանք փորձում են ցույց տալ` իբր իրենք հայրենասիրություն ու Ավետարան են քարոզում:

-Արդյո՞ք դա նշանակում է, որ հասարակության առողջ անտարբերությունն այս պարագայում կարող է ավելի ուժեղ գործիք լինել :

-Ոչ, չեմ կարծում, որ առողջ անտարբերությունն այս պարագայում կարող է լուրջ գործիք լինել. երբեմն դա անհրաժեշտ է, սակայն ոչ այս պարագայում, երբ աղանդների գործունեությունը Հայաստանում հասնում է բավական վտանգավոր մակարդակի: Աղանդները փորձում են հասարակությանը սովորեցել իրենց ներկայությանը: Ճիշտ է, խոսքի ու խղճի ազատությունն իր տեղն ունի, օրենքներն՝ իրենց, սակայն ի վերջո հասարակությունը պիտի որոշի, թե ինչ է ընտրում եւ ուզում: Ուստի պետք է խոսել, հասարակությանը տեղյակ պահել աղանդների ու դրանց գործունեության մասին, քանի որ շատերն այսօր աղադավոր են դառնում, հարում են այս կամ այն կրոնական կազմակերպությանը պարզապես անտեղյակությունից:

-Այստեղ չկա՞ նաև հայ առաքելական եկեղեցու մեղավորությունը:

-Տարիներ առաջ` գուցե, քանի որ եկեղեցին քարոզչությունը պատշաճ կազմակերպելու խնդիր ուներ զուտ հոգևորականների քանակի առումով: Այժմ ևս չենք կարող ասել, թե

հոգևորականների թիվը բավարար է, եթե համեմատում ենք աղանդավորների թվի հետ, քանի որ կրոնական կազմակերպության յուրաքանչյուր անդամ քարոզիչ է, բայց այսօր հնարավորինս բոլոր միջոցներն ու առիթներն օգտագործում ենք քարոզչություն կազմակերպելու համար: Այսօր եկեղեցին լինում է տարբեր հասարակական ոլորտներում, միջոցառումներում, ուստի արդար չէ մեղավորությունը բարդել միայն եկեղեցու վրա: Չմոռանանք, որ եկեղեցին ավելի լայն հասկացություն է, քան միայն հոգևորականը, այն նաև ժողովուրդն է, մարդիկ են, ովքեր նույնպես անելիք ունեն այս գործում:

-Իսկ Հայ առաքելական եկեղեցին ինչպե՞ս է հետևում այդ կազմերպությունների գործունեությանը:

- Հայ առաքելական եկեղեցին այսօր չունի որևէ լծակներ կամ իրավասություններ հետևելու, թե ինչ է տեղի ունենում այս կամ այն կազմակերպության ներսում: Մենք հետևում ենք այնքանով, որքանով նրանց հրապարակումներն են: Տեսնում ենք այն, ինչ տեսնում է ժողովուրդը: Սակայն սա, բնականաբար, քիչ է, քանի որ աղանդները թաքցնում են այն, ինչ իրականում կատարվում է իրենց ներսում: Նրանք փորձում են օգտագործել բոլոր միջոցները «աղանդ» պիտակն իրենցից հանելու համար: Նույն «Կյանքի խոսք»-ն ունի իր արբանյակային հեռուստատեսությունը, օգտագործում է բոլոր միջոցները քարոզչություն իրականացնելու համար, սակայն երբեք չի ցուցադրվում: 

-Իսկ ինչպե՞ս է եկեղեցին հակազդում այդ քարզչությանը:

-Եկեղեցին ևս կիրառում է քարոզչության բոլոր միջոցները` և՛ ինտերնետը, և՛ սոցիալական ցանցերը: Բայց մեր նպատակը ոչ թե հակազդելն է, այլ ժողովրդին ճշմարիտ հավատքը ցույց տալը: Եկեղեցին պայքարում է հանուն ճշմարտության, հանուն փրկության:

-Իսկ չե՞ք կարծում, որ դեպի այլ աղանդներ գնալը, եկեղեցուց հեռանալը կապված է հոգևորականների վարկանիշի անկման, հոգևոր հայրերի նկատմամբ անվստահության մթնոլորտի հետ:

-Հոգևորականը սովորական մարդ է. նա նույնպես ունի իր տկարությունները, սակայն դա չպետք է առիթ դառնա եկեղեցուց հիասթափվելու համար: Հոգևորականը չէ միայն եկեղեցին:

-Այսօր Հայաստանում քանի՞ գրանցված կրոնական կազմակերպություն կա և դրանցից ո՞րն եք համարում առավել վտանգավոր:

-Հայաստանում կան տասնհինգ-քսան կրոնական կազմակերպություններ, որոնք մի քանի կազմակերպությունով են հանդես գալիս, պաշտոնապես գրանցված են 67-ը: Դրանցից ամենավտանգավորը «Կյանի խոսք» աղանդն է, և ուզում եմ շեշտել, որ դա հենց աղանդ է: Ճիշտ է` իրենք իրենց աղանդ չեն համարում, այլ Ավետարանական եկեղեցու ընտանիքից, սակայն միաժամանակ իրենք աղանդ են անվանում այլ կազմերպությունների, որոնք ևս իրենց այդ ընտանիքի անդամ են համարում: Այսօր երիտասարդները հիմնականում գնում են հենց «Կյանքի խոսք»: Դա բացատրվում է նրանով, որ երիտասարդներին գրավում է ուրախ մթնոլորտը: Օրինակ, այնտեղ կա ռեփ խումբ, որը պարում է անգամ մեծ բեմերում: Նույն երիտասարդը երբեք չի գնա «Հոգեգալստականների» , որոնք ասում են, որ կինը պետք է գլխաշոր կապի, չքսվի, երկար հագուստ կրի:

-Կրոնական կազմակերպություններն իրականացնում են նաև տնայցերի միջոցով քարոզչության: Արդյո՞ք դա պատժելի չէ:

-Տնայցերի միջոցով քարոզչությունն անշուշտ հոգեորսություն է, սակայն մեր սահմանադրության մեջ առայժմ չկա օրենք, որը դա պատժի: Տնայցերի մեջ հակաօրինական բան չկա այնքան ժամանակ, քանի դեռ դու ինքդ համաձայնում ես նրանց ներս թողնել ու զրուցել:

-Այդ դեպքում Դուք ի՞նչ խորհուրդ կտաք աղանդների զոհը չդառնալու համար:

-Առաջին հերթին աղանդներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ առիթներ ունենանք խոսելու, սովորեցնելու հայ առաքելական եկեղեցու ուսմունքը, այդ ժամանակ վստահ եմ, որ աղանդավորների թիվը կպակասի: Աղանդավորների զոհ են դառնում հիմնականում անտեղյակ մարդիկ, նրանց խաբում են՝ սուտ պատմություններ հորինելով տարբել հոգևորականների մասին, մարդիկ էլ բամբասանքը ընդունում են որպես իրականություն: Սակայն ես հասարակությանը կոչ եմ անում ոչ թե լցվել ատելությամբ, այլ ավելի աչալուրջ լինել, կուլ չգնալ բամբասանքներին ու միաժամանակ չմոռանալ, որ հոգևորականը իդեալական չի, և հասարակության պահանջն է ստիպում հոգևորականին զարգանալ ու ամրանալ հավատի մեջ: Եկեղեցին չի ատում աղանդավորներին ու պայքարում է ոչ թե մարդկանց, այլ`  աղանդների կործանարար ազդեցության ու գաղափարախոսության դեմ: Եկեղեցին այն տեղն է, որ սիրով ընդունում է ցանկացած դարձի եկած աղանդավորի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am