ՀՀ սփյուռքի նախարարությունը ճանաչվել է «Տարվա կազմակերպություն»

Armenpress 13:05, 1 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության նախաձեռնությամբ կազմակերպված գնահատանքի և մեծարման ամենամյա երեկոն կայացել է Գլենդելի Իրանահայ միության դահլիճում:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, միջոցառման ընթացքում գնահատանքի արժանացել և մեծարվել են կրթական կազմի վաստակաշատ նվիրյալները, համայնքում բեղմնավոր գործունեություն ծավալող կրթական հաստատությունները, ինչպես նաև կրթական գործունեությանը սատարող և հովանավորող անհատներն ու կազմակերպությունները:

Հաշվի առնելով ուծացման վտանգի դեմ ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի ծավալած գործունեութունը, ինչպես նաև նախարարության կատարած հսկայածավալ աշխատանքները` ուղղված սփյուռքահայ երիտասարդների հայրենիքի հետ կապի ամրապնդմանն ու հայեցի դաստիարակությանը,  Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը ճանաչվել է «Տարվա կազմակերպություն»:

Գլենդելի կրթական ոլորտում երկարամյա բեղուն մանկավարժական գործունեության և վաստակի համար Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության կողմից Քաթրին Ֆունդուկյան-Թորոսյանը ճանաչվել է «Տարվա կրթական գործիչ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am