Հայ գերիների հայրենադարձման հնարավորությունը դեռևս հաստատված չէ

Armenpress 18:59, 25 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ներկայում պահվում են 8 հայ գերիներ: Նրանցից երեքը զինծառայողներ են'  Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, ովքեր Ադրբեջանում են հայտնվել անծանոթ տարածքում մոլորվելու արդյունքում: Գերիների մյուս մասը 5 անձից բաղկացած ընտանիք է'  Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները: Ընտանիքն Ադրբեջանի հետ սահմանը հատել էր Երասխավանի հատվածից՝ 2010 թ. հունվարի 10-ին:

Հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարի պաշտոնակատար Ռուզաննա Վարդանյանի հետ:

- Տիկին Վարդանյան, Ի՞նչ աշխատանքներ են տարվում Ադրբեջանում գտնվող հայ գերիներին հետ վերադարձնելու ուղղությամբ: Առաջիկայում հնարավոր համարու՞մ եք հստակ քայլեր այս ուղղությամբ:

- Ռազմագերիների հայրենադարձումը կարգավորվում է Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) կամ Զինված հակամարտությունների իրավունքի կողմից, որը հակամարտության կողմերը պարտավոր են հարգել և հետևել։ Այդ իսկ պատճառով, հայրենադարձումներ կատարելու պատասխանատվությունն ամբողջովին կրում են հակամարտության կողմերը։ ԿԽՄԿ-ն չեզոք և անկախ մարդասիրական կազմակերպություն է, որի առաքելությունն է օգնել և պաշտպանել զինված ընդհարումներից և բռնության այլ իրավիճակներից տուժածներին։ Միջազգային բնույթի զինված հակամարտությունների ժամանակ, ԿԽՄԿ-ն այցելում է ռազմագերիներին և քաղաքացիական ներկալված անձանց՝ գնահատելու ազատազրկման պայմանները և նրանց հադեպ վերաբերմունքը։ Այնուհետև, այցելության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները ներկայացնում է պատասխանատու իշխանություններին՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը։ Բացի այդ, կողմերի պահանջի հիման վրա, ԿԽՄԿ-ն կարող է հանդես գալ չեզոք միջնորդի դերում՝ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց հայրենադարձնելու գործընթացում։ Վերջին հայրենադարձումը, որը տեղի է ունեցել տարածաշրջանում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, կատարվել է 2011թ. մարտի 17-ին, երբ մեկ հայ ներկալված քաղաքացիական անձ և մեկ ադրբեջանցի ռազմագերի հայրենադարձվեցին իրենց հայրենիքներ։ Այս պահի դրությամբ, ԿԽՄԿ-ն չի կարող հաստատել, որ առաջիկայում կհայրենադրձվեն Ադրբեջանում դեռևս ազատազրկման մեջ գտնվող հայ ռազմագերիները կամ ներկալված քաղաքացիական անձիք։

- Արդյո՞ք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները ցանկություն ունեն հայրենադարձվել, թե նախընտրում են տեղափոխվել երրորդ երկիր:

- Անշուշտ, ռազմագերիների կամ ներկալված անձանց հայրենադարձումը կախված է նաև հենց իրենց յուրաքանչյուրի կամքից։ Իր այցելությունների ժամանակ ԿԽՄԿ-ն հարցնում է գերիներին` արդյոք նրանք ցանկանում են վերադառնալ հայրենիք, թե պնդում են փախստականի կարգավիճակով երրորդ երկրում վերաբնակվելու պահանջը։ Առաջին դեպքում ԿԽՄԿ-ն կմիջնորդի նրանց հարենադարձումը վերը նշված գորընթացին համապատասխան։ Երկրորդ դեպքում ներգրավվում են այլ կազմակերպություններ, որոնք որոնում են ընդունող երկրներ նշված անձանց վերաբնակելցնելու համար։ ԿԽՄԿ-ն վերաբնակեցման հետ կապված որևիցե դերկատարում չունի, բացառապես մեկնելուց առաջ անձի հետ անհատական հարցազրույցի, որի ժամանակ նա վերահաստատում է երրորդ երկիր տեղափոխվելու իր ցանկությունը։ Ներկա պահին ԿԽՄԿ-ն չի կարող հրապարակել այն ռազմագերիների կամ ներկալված անձանց ցանկությունները, որոնք ներկայումս ադրբեջանական գերության մեջ են գտնվում։

- Ինչպե՞ս է գերիների առողջական վիճակը, արդյո՞ք պարբերական այցելություններ են կատարում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հայազգի գերիներին:

-ԿԽՄԿ Բաքվի պատվիրակությունը պարբերաբար այցելում է հայազգի երեք ռազմագերիներին և հինգ անձից բաղկացած ներկալված ընտանիքին՝ գնահատելու ազատազրկման պայմանները։ Վերջին այցլությունն իրականացվել է 2011թ. դեկտեմբերի 21-ին։ Այս այցերի ժամանակ, ԿԽՄԿ-ն անհատական զրույցներ է ունենում ռազմագերիների և ներկալված անձանց հետ՝ վերահսկելու ազատազրկման պայմանները և նրանց հանդեպ վերաբերմունքը։ Յուրաքնչյուր այցի վերջում, ԿԽՄԿ-ն կալանավայրի ղեկավարության հետ կիսում է իր նկատառումները՝ պահպանելով գաղտնիությունը։

- Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցները կապ պահպանո՞ւմ են իրենց հարազատների հետ:

- ԿԽՄԿ-ի կալանավայրեր այցելությունների նպատակն է նաև վերահաստատել և ապահովել ռազմագերիների կապն իրենց ընտանիքների հետ։ Այս այցելությունների ժամանակ ԿԽՄԿ-ն նրանց է փոխանցում իրենց ընտանիքների կողմից գրված նամակները, որոնք իրենց հերթին ԿԽՄԿ-ի միջոցով ուղարկում են պատասխան նամակներ ընտանիքներին։ Այս նամակները պարունակում են միայն ընտանեկան բնույթի տեղեկություններ։ Ակնհայտ է, որ նման նամակներ փոխանակվում են միայն ազատազրկվածների և նրանց ընտանիքների ցանկության դեպքում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am