Լիբանանում Հունաստանի նոր դեսպանը հանդիպել է Արամ Ա-ին

Armenpress 16:54, 14 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Հունաստանի նոր դեսպան Քաթրին Պուրան հունվարի 13-ին այցելել է Անթիլիասի մայրավանք ու հանդիպում ունեցել Մեծի Տանն Կիլիկիայի Արամ Ա կաթողիկոսին:                                            

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Մեծի Տանն Կիլիկիայի կաթողիկոսությունից, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դա դեսպանի առաջին այցելությունն էր ինչպես Լիբանան, այնպես էլ Անթիլիաս, Վեհափառ հայրապետը լայն տեղեկություններ է փոխանցել նրան Լիբանանի ներքին կյանքի, հայ համայնքի, Միջին Արեւելքում տեղի ունեցող տատանումների, ինչպես նաեւ Հայ դատին առնչվող աշխատանքների մասին` միաժամանակ հիշյալ հարցերի շուրջ ներկայացնելով իր անձնական տեսակետները:

Քանի որ դեսպանի մասնագիտությունը առնչություններ ունի Օսմանյան կայսրության ժամանակակից պատմության հետ, խոսակցության հիմնական առանցքը եղել է Հայոց ցեղասպանության փաստը: Նրանք կարեւորությամբ շեշտել են հայ եւ հույն ժողովուրդների եւ եկեղեցիների, ինչպես նաեւ Հունաստանի եւ Հայաստանի միջեւ գործակցության խորացումը` նկատի ունենալով շրջանից ներս Թուրքիայի թափանցումը ու նրա հեռահար նպատակները:                                 

Դեսպանը հատուկ գնահատանքով անդրադարձել է Հունաստանի հայության եւ նրա բերած դրական նպաստին Հունաստանի բարգավաճման մեջ:       



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am