Դավիթ Երեւանցին պարգեւատրվել է Վիլյամ Սարոյանի մեդալով

Armenpress 18:58, 10 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ Դավիթ Երեւանցին պարգեւատրվել է Վիլյամ Սարոյանի մեդալով ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, նախարար Հրանուշ Հակոբյանն ասել է, որ Երեւանցի ծածկանունը պիտի լիներ հատուկ հենց Դավիթի համար, քանզի 40 տարի ապրելով Երեւանից դուրս` նա միշտ եղել է մայր քաղաքի հետ, արարել իր երկրի ու ժողովրդի համար: «Ես հպարտ եմ, որ Դավիթ Երեւանցու ժամանակակիցն եմ: Նա կարողանում է շունչ հաղորդել թե´ քարին, թե´ փայտին, թե´ մետաղին` ստեղծելով հրաշալի գործեր` կոթողներ, արձաններ, կիրառական արվեստի հիասքանչ աշխատանքներ, որոնցով զարդարված են Երեւանի փողոցները, ինչպես նաեւ եվրոպական շատ քաղաքներ»,-նշել է նա:

Արվեստագետն իր ելույթում ասել է, որ շատ պարգեւներ է ստացել, բայց Սփյուռքի նախարարության այս պարգեւն իր համար յուրահատուկ է: «Այն միայն իմը չէ, այլ նաեւ նրանցն է, ում օգնությամբ ստեղծվեց Սարոյանի արձանը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այդ գործում»,-ընդգծել է սփյուռքահայ քանդակագործը: 

Դավիթ Երեւանցին կերտել է Փարիզի կենտրոնում գտնվող` Ցեղասպանության ճիչն ու բողոքն արտահայտող մեծն Կոմիտասի արձանը: Շատ են Դավիթ Երեւանցու գործերը, որոնք բոլորն էլ հայրենասեր, հայասեր արվեստագետի վառ տաղանդի վկայությունն են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am