Տնտեսական ճգնաժամը բացասաբար կազդի Գերմանիայի աշխատաշուկայի վրա. Bundesbank

Armenpress 18:50, 12 Դեկտեմբեր, 2011

ԲԵՌԼԻՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականին տնտեսական ճգնաժամը բացասաբար կազդի Գերմանիայի աշխատաշուկայի վրա: ԳՖՀ-ի ֆեդերալ բանկի (Bundesbank) հաշվարկների համաձայն` գործազուրկների թիվը կկազմի 3 մլն, եկող տարի ՀՆԱ-ի աճը չի գերազանցի 0,6 տոկոսը:

Bundesbank-ի փորձագետները գտնում են, որ 2012 թվականին եվրոգոտու պարտային ճգնաժամը բացասաբար կազդի Գերմանիայի աշխատաշուկայի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է dpa գործակալությունը` վկայակոչելով հրապարակված կանխատեսումը: Ըստ այդ կանխատեսման` երկրում գործազուրկների թիվը կկազմի 3 մլն, այսինքն` կմնա մոտավորապես 2011 թվականի մակարդակի վրա: «Զբաղվածների թվի որոշ ավելացում կարող է տեղի ունենալ միայն եկող տարվա վերջին»,- նշում են փորձագետները:

Զեկույցում ասված է, որ 2012 թվականին Գերմանիայում համախառն ներքին արդյունքի աճը չի գերազանցի 0,6 տոկոսը: Այս տվյալներն էականորեն տարբերվում են ֆեդերալ կառավարության կանխատեսումից, ըստ որի` աճը կկազմի առնվազն 1 տոկոս: Այդ կապակցությամբ Bundesbank-ի մասնագետները պարզաբանում են, որ եվրոգոտու մի շարք երկրներում պարտային ճգնաժամը կհանգեցնի տնտեսական անկման, ինչը բացասաբար կազդի ԳՖՀ-ի կոնյունկտուրայի զարգացման վրա:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am