Հայաստանն ունի ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանման մեծ ներուժ

Armenpress 19:17, 24 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդում այսօր հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համակարգի բարեփոխման եւ զարգացման հայեցակարգը»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը' նշելով, որը դրա ընդունումը չափազանց կարեւոր նշանակություն ունի:

«ՀՀ-ն որդերգրել է մեր երկրի ռազմաարդյունաբերական համակարգի համալիր բարեփոխումների մի գործընթաց, որի նպատակն է արդիականացնել ռազմաարդյունաբերական համակարգը Հայաստանում»,- հավելեց Արթուր բաղդասարյանը:

Նրա ներկայացմամբ' դա առաջին հերթին նշանակում է ռազաամրդյունաբերական ձեռնարկությունների կարողությունների հզորացում, երկրորդը' միջազգային համագործակցության ակտիվացում, այդ թվում' համատեղ ձեռնարկությունների ստեղծում: Մեր հանրապետությունում արդեն իսկ արտադրվում է բավականաչափ արտադրանք, որն ունի մրցունակության բարձր աստիճան եւ կարող է բավարարել ոչ միայն Հայաստանի կարիքները, այլեւ արտահանման մեծ ներուժ ունի: «Անվտանգության խորհրդում ուշադրություն դարձվեց նաեւ այդ հանգամանքի վրա, որ այն արտադրատեսակները, որտեղ մենք ունենք մրցունակություն: Դրանք էլ ավելի պետք է զարգացվեն, ինչպես նաեւ պետք է մեծացվի ռազմական արդյունաբերության արտահանման ներուժը»,- նշեց ԱԱԽ քարտուղարը:

Ռազմական արդյունաբերության հայեցակարգի հիման վրա կառավարությունն առաջիկայում կմշակի 2012-2015 թվականների ծրագիր, որը հնարավորություն կտա ռազմական արդյունաբերության տարբեր ոլորտներում իրականացնել կոնկրետ ծրագրեր:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այս ոլորտում արդեն իսկ ունենք լավ արդյունքներ: «Անցած տարի, երբ ՀՀ նախագահի հրավերով Հայաստան այցելեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, այցի շրջանակներում ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա Հայաստանում ստեղծվելու են 7 համատեղ ձեռնարկությւոններ: Դրանց մեկնարկն արդեն տրված է»,- ասաց նա:

ԱԱԽ քարտուղարի կարծիքով' ռազմաարդյունաբերական համակարգի զարգացումը ոչ միայն լուծում է երկրի պաշտպանական կարողությունների զարգացման, այլեւ սոցիալական ու տնտեսական խնդիրներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am