Ջամալյանի` ժամկետային զինծառայություն անցած չլինելու հանգամանքը չի կարող նվազեցնել նրա աշխատանքի նշանակությունը. պարզաբանում է ՊՆ-ն

Armenpress 17:21, 18 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական հոգեբանության ոլորտի բարձրակարգ մասնագետ Դավիթ Ջամալյանի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ օգտակար է, արդյունավետ եւ գնահատանքի արժանի: Իսկ օրինական հիմքերով ժամկետային զինծառայություն անցած չլինելու հանգամանքը որեւէ կերպ չի կարող նվազեցնել այդ աշխատանքի նշանակությունը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակյանության հետ կապերի վարչությունից` անդրադառնալով վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից բարձրացված` ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի պարտադիր զինծառայություն չանցնելու խնդրին:

Նախարարությունը պարզաբանում է, որ  Ջամալյանը պարտադիր զինվորական ծառայություն չի անցել օրինական հիմքով, քանի որ նա 1996-2001 թթ. եղել է ԵրՊՄՀ ուսանող: Բուհն ավարտել է` ստանալով ռազմական հոգեբանի մասնագիտացում: 2001-ին ընդունվել է ասպիրանտուրա եւ օրենքով վերապահված տարկետման ժամկետում Ռուսաստանի Դաշնության Կրթության ակադեմիայի Հոգեբանության ինստիտուտում պաշտպանել է ատենախոսական թեզ` «Միջէթնիկական ագրեսիան ստերեոտիպերում» թեմայով եւ ստացել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:  2007թ. Ջամալյանը մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի (NATO) «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջին հոգեբանական օգնություն աղետների եւ ահաբեկչության ժամանակ» ծրագրին:    Սկսած 2002 թ-ից առ այսօր Ջամալյանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներում, ինչպես նաեւ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի կազմում, մասնագիտական լայնածավալ աշխատանքներ է իրականացրել: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am