Կառավարությունը հավանություն տվեց Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի նախնական ծրագրին

Armenpress 13:56, 27 Հունվար, 2011

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Վանաձոր–Ֆիոլետովո երկաթուղային գծի նախնական ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` այս հարցում քաղաքական դիրքորոշումը նրանում է, որ երկաթուղային գծի կառուցման աշխատանքները պետք է կատարվեն առանց պետական երաշխիքի:

 

Մեկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ պետք է համատեղ ուսումնասիրվի եւ սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացվի առաջարկություն` ծրագրով նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, երկաթգծի շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման, ինչպես նաեւ այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերը ՀՀ սահմանված կարգով գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ:

 

Նոր երկաթգծի շինարարությունը կսկսվի այս տարվա աշնանը: 32 կմ երկարությամբ երկաթգիծը կմիացնի Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Երեւան երկաթուղային ուղղությունը Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ: Առաջիկայում մրցույթ կհայտարարվի նախագծման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am