Ալիս Հովհաննիսյան. «Գրող-գրականագետ-ընթերցող կապը պետք է ամուր լինի»

Armenpress 18:19, 11 Նոյեմբեր, 2010

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի ունեցավ վերջին երեք տարիներին տպագրված արձակ գործերի քննարկում: Ինչպես նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, գրականությունը կարող է լայն թափով զարգանալ, եթե այն գրականագիտության հետ ընթերցողին ներկայանա ամբողջական ճակատով:

«Ժամանակակից գրական ստեղծագործությունների մեջ հաճախ կարելի է հանդիպել գռեհկաբանությունների, ցինիզմի դրսեւորումների, այսինքն` ոչինչ չտվող գրականություն»,- նշեց Դավիթ Սարգսյանը` ավելացնելով, որ կան նաեւ արժեքավոր, սակայն ըստ արժանվույն չգնահատված գործեր: «Հաճախ ենք բողոքում, որ կա ընթերցողի խնդիր եւ չեն կարդացվում ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, սակայն պետք է նկատել, որ այդ ստեղծագործություններում չկա իդեալ հերոսի պատկերում, որին ձգտի ընթերցողը նմանվել»,-ասաց նա: Ինչպես նշեց արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, գրող-գրականագետ-ընթերցող կապը պետք է չափազանց ամուր լինի: «Այն հնչող կարծիքները, որ ժամանակակից գրականություն գոյություն չունի, ալարկոտ ընթերցողի արդարացում է»,- նշեց նա` ավելացնելով, որ պետք է դպրոցներում եւս ուսուցանվի ու անդրադարձ կատարվի ժամանակակից հեղինակներին, քանի որ հաճախ ուսուցիչները չեն կարողանում երեխաներին մատուցել այն: Ժամանակակից արձակագիր Դիանա Համբարձումյանի խոսքով` արդի գրականությունը պետք է պատկերի ժամանակակից մարդուն` իր խնդիրներով, մտածումներով, խոհերով: «Այն ժամանակ, երբ ընթերցողը տեսնի իր արատները ստեղծագործության մեջ, նրա մեջ փոխվելու ցանկություն կառաջանա»,- շեշտեց Դ. Համբարձումյանը:

Գրականագետ Նորայր Ղազարյանի կարծիքով էլ` արդի գրականությանը պետք է նայել ժամանակակից մարդու աչքերով: «Ժամանակակից գրականությունն արտացոլում է բարդ մարդու հոգեվիճակ»,-նշեց նա` հավելելով, որ այն նորություններ է սիրում: «Եթե գնում է հին ճանապարհով, նշանակում է, որ այն մեռած է եւ պետք է օգնել, որ ճանապարհի մեջտեղից դուրս գա»,-շեշտեց Նորայր Ղազարյանը: Գրականագետ Սաթենիկ Ավետիսյանն էլ հակված էր մտածելու, որ մեծ թափով զարգանում է հայ արձակը, իսկ չափածոն կաղում է եւ հետ է մնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am