Վ. Վահրադյան. «Պորտասարը մեծ զուգահեռներ ունի Քարահունջի հետ. կառուցողները եղել են նույն մշակույթի կրողները»

Armenpress 15:55, 7 Սեպտեմբեր, 2010

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Հայաստանում գտնվող Պորտասարը հսկայական ծիսակրոնագիտական կառույց է եւ ունի 18 հազ. 500 տարվա պատմություն: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենսաբանական գիտությունների թեկնածու, Օքսֆորդի համալսարանի «Քարեր եւ աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտնական, խորհրդական Վաչագան Վահրադյանը, Պորտասարի ստեղծումը թուրքերն իրենց են վերագրում:

 

Ըստ Կարլ Շմիդտի թվագրման` Հայկական լեռնաշխարհում աստղային երկինքը համաստեղությունների էր բաժանված դեռեւս 12-8 հազար տարի առաջ: Ըստ Վ. Վահրադյանի` Պորտասարը կառուցվել է կարիճի ժամանակաշրջանում: Այս հսկայական կառույցի վրա պատկերված է անգղ, ինչը եւ այլ բազմաթիվ նմանությունները ցույց են տալիս, որ Պորտասարը մեծ զուգահեռներ ունի Քարահունջի հետ, կառուցողները եղել են նույն մշակույթի կրողները:

 

Գիտնականի խոսքով` նման գիտելիքներով կառուցված հուշարձանի առկայությունը նույնիսկ հիմք է տալիս կասկածի տակ դնել հնագույն մարդու գիտելիքների մասին պատկերացումները: Թուրքիան այս հուշարձանը ներկայացնում է աշխարհին որպես թուրքական եւ բազմաթիվ ցուցադրություններ է կազմակերպում: Ըստ Վ. Վահրադյանի` հարկավոր է պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ եւ իրականացնել հետազոտություններ Պորտասարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am