Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Armenpress 20:56, 10 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մետր գլորվել ձորը:

Նշվում է, որ փրկարարները վարորդին պատգարակով բարձրացրել են մոտ 20 մետր և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am