Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Armenpress 11:24, 8 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն:

«2024թ․  մայիսի 7–ին ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում​ են ​ անհետաձգելի​ ապացուցողական​ և​ վարութային​ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am