Անվճար հարթակ՝ աշխատանք գտնելու և առաջարկելու համար. գործարկվել է e- work.am-ը

Armenpress 15:32, 6 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը գործարկել է e-work.am աշխատանքի պրոֆեսիոնալ հարթակը։ Այն եզակի հարթակ է, որտեղ աշխատանք փնտրողները և աշխատանք առաջարկողները կարող են անվճար գրանցվել ու օգտվել տրամադրվող լայն գործիքակազմից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ հարթակը բաց է բոլորի համար և արդեն ցանկացողները կարող են գրանցվել։

«Ի թիվս այլ ոլորտների, զբաղվածության ոլորտը ևս պետք է թվայնացման գործընթացի մաս կազմի։ Ահա ստեղծել ենք այս նոր հարթակը, որը հնարավորություն է տալիս մի կողմից ծանոթանալու առկա թափուր աշխատատեղերին, մյուս կողմից աշխատանք առաջարկողները, տարբեր տեսակի կառույցներն իրենց հիմնական կամ սեզոնային աշխատանքները կարող են ներկայացնել այս հարթակում»,-ասաց Անահիտ Պարզյանը։

Գործիքակազմից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում, լրացնել անձնական տվյալները։ Համակարգն ունի հնարավորություն մեկ հպումով ավելացնել հարկային համակարգում առկա տվյալ անձի աշխատանքային պատմությունը։ Անձը նաև ունի հնարավորություն որոշելու, թե իր տվյալներից որ մասը կարող է լինել հրապարակային տեսանելի, որ մասը՝ ոչ։  Խմբագրել կոճակով անձը կարող է իր ինքնակենսագրության մեջ ավելացնել անհրաժեշտ տվյալները։

«Այն, որ շատերը փորձ չունեն ճիշտ CV կազմելու հարցում, ահա այս համակարգը այդ առումով կարող է օգտակար լինել։ Ասեմ, որ համակարգն ունի հարուստ գործիքակազմ, որպեսզի օգտատերը կարողանա զտել և թողնել միայն իրեն հետաքրքրող աշխատանքի ուղղությունները»,-ասաց Անահիտ Պարզյանը։   

Հարթակը նաև բացառիկ հնարավորություն է՝ ներգրավվելու պետական և մասնավոր հատվածի կողմից իրականացվող զբաղվածության ծրագրերում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն բացվել է e-work.am-ի էջը և նրանք, որոնք համակարգից օգտվելու հետ կապված հարցեր ունեն, կարող են գրել։ Շուտով նաև պատրաստ կլինի տեղեկատվական տեսանյութ, որտեղ քայլ առ քայլ ցույց կտա համակարգից օգտվելու հնարավորությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am