Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, Նոր Արեշում հեղեղվել են տներ և փողոցներ

Armenpress 11:10, 4 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 4-ին ժամը 00:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է․ ջրալցվել են հարակից տները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր մեկնած փրկարարական խումբը պարզել է, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։

Փրկարարները ձեռքով և քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, տնօրենի տեղակալներ՝ գնդապետ Տ․ Պետրոսյանը, գնդապետ Դ․ Սարգսյանը, Փրկարար ծառայության և Երևան քաղաքի այլ պաշտոնատար անձինք։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am