ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին

Armenpress 14:24, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մինչև 2027 թվականը Լիբանանին է տրամադրում 1 միլիարդ եվրոյի օգնություն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ոլորտներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լիբանանում կայացած մամուլի ասուլիսում։

«Այսօրվա իմ այցը մեծապես վկայում է ԵՄ-ի շարունակական աջակցության մասին Լիբանանին և նրա ժողովրդին․․․․ Մենք հանձնառու ենք տրամադրել ուժեղ ֆինանսական աջակցություն երկրին՝ հաշվի առնելով նրա առջև ծառացած զգալի մարտահրավերները։ 1 միլիարդ եվրոն մինչև 2027 թվականը կտրամադրի այդքան անհրաժեշտ օգնությունը Լիբանանի ժողովրդին և կնպաստի նրա անվտանգությանն ու կայունությանը», - ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Բացի կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ոլորտներից, աջակցություն կտրամադրվի նաև Լիբանանի զինված ուժերին և անվտանգության այլ ուժերին՝ սարքավորումների ձեռքբերման, սահմանային հսկողության համար վերապատրաստում անցնելու և մաքսանենգության դեմ պայքարի համար։

Ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության՝ այս աջակցությունը պետք է ուղեկցվի տնտեսական, ֆինանսական և բանկային ոլորտի բարեփոխումներով, կենտրոնանա նաև միգրացիայի հոսքի կառավարման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վրա։

2011 թվականից ի վեր ԵՄ-ն Լիբանանին հատկացրել է ավելի քան 3 միլիարդ եվրո։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am