Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը

Armenpress 19:51, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, քննարկվել են քաղաքաշինության ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում համագործակցության հարցեր։

Ըստ աղբյուրի՝ կոմիտեի ղեկավարը կարևորել է հիմնադրամի փորձը՝ վերհանելու համար խոչընդոտները, որոնց բախվում են ներդրողները քաղաքաշինության բնագավառում, և պատրաստակամություն հայտնել համագործակցելու ներդրումային դաշտի բարելավմանը նպաստող նախաձեռնություններում։ Նա տեղեկացրել է արդեն իսկ նախանշված աշխատանքների մասին, որոնց արդյունքում կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները ինչպես խոշոր ներդրողների, այնպես էլ քաղաքացիների համար։

Նշվում է, որ Լևոն Օհանեսյանը ներկայացրել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, կոմիտեի հետ արդյունավետ գործակցության փորձը և վստահություն հայտնել, որ ձևավորված գործընկերային փոխհարաբերությունները նոր լիցք կստանան։ Նա անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդրողների համար մշակվող էլեկտրոնային հարթակին։ Այդ համատեքստում դիտարկվել է կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքաշինական թվային կադաստր ձևավորելու դեպքում համակարգերի ինտեգրման հնարավորությունը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ աշխատանքը՝ նպաստելու համար քաղաքաշինության բնագավառում ներդրումային դաշտի բարելավմանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am