Հյուսիսային Կորեան ականապատել է Հարավային Կորեա տանող ճանապարհը. Yonhap

Armenpress 13:14, 29 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան ականներ է տեղադրել միջկորեական ճանապարհին՝ ապառազմականացված գոտու տարածքում, որը բաժանում է երկու Կորեաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական ռազմական գերատեսչությունում իր աղբյուրին:

Ռազմական պաշտոնյան հայտնել է, որ հարավկորեացի զինվորականները հյուսիսկորեացիների կողմից ապառազմականացված գոտում՝ Չհորվոնի շրջանի գրունտային ճանապարհին, ականների տեղադրում են նկատել անցյալ տարեվերջին։

Անցյալ տարվա վերջից ԿԺԴՀ-ն ականներ է տեղադրել երկու Կորեաների միջև ընկած բոլոր ճանապարհներին։ Հունվարին հյուսիսկորեական զորքերն ականներ տեղադրելիս նկատվել են երկու միջկորեական ճանապարհների վրա՝ արևմուտքում` Կյոնգիի ճանապարհին, և արևելյան ափին`Տոնհեի ճանապարհին: Մարտին զինվորականները նաև պարզել են, որ Հյուսիսային Կորեան հեռացրել է այդ երկու ճանապարհների երկայնքով տեղադրված տասնյակ փողոցային լապտերներ:

Ինչպես նշում է գործակալությունը, նման քայլեր են ձեռնարկվել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել հրաժարվել Հարավային Կորեայի հետ միավորման քաղաքականությունից և երկու երկրների հարաբերությունները սահմանել որպես «միմյանց թշնամի երկու պետությունների» հարաբերություններ։ Հունվարին Կիմ Չեն Ընը կարգադրել է «խիստ» միջոցներ ձեռնարկել՝ արգելափակելու սահմանի երկայնքով միջկորեական հաղորդակցության բոլոր ուղիները, ընդհուպ մինչև «անշրջելի մակարդակ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am