Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի

Armenpress 16:30, 27 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմուտքի մտավախություններն այն մասին, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց՝ ընդունելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը, անհիմն են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ մեջբերելով Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքերը։

«Կարևոր է շարունակել երկխոսությունը մեր ընկերների և գործընկերների հետ։ Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի ընկերներին, որ Վրաստանը ոչ մի անսովոր բան չի անում և նպատակ չունի շեղվել եվրոպական ճանապարհից։ Հնչեցին քննադատություններ և գնահատականներ, որ Վրաստանն իբր պատրաստվում է շեղվել եվրաինտեգրման կամ ժողովրդավարության ճանապարհից։ Իհարկե, դրանք, մեղմ ասած, ոչ միայն չափազանցված, այլև անհիմն հայտարարություններ են»,-ասել է Ղարիբաշվիլին։

Նրա հավելել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը երաշխավորված է սահմանադրական մակարդակով, և այդ վեկտորի փոփոխությունը բացառվում է։

Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով Եվրամիությանը կոչ էր անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ և երկրի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ չսկսել, քանի դեռ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ չի կանչվել։ Փաստաթղթում խոսվում է նաև ԵՄ-ի հետ Վրաստանի առանց վիզայի ռեժիմի վերանայման հնարավորության մասին։ Վրաստանի իշխանություններին քննադատել է նաև 14 ամերիկացի սենատոր, ովքեր նամակ են գրել վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կոչ անելով հրաժարվել օրենքի ընդունումից։

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն դիտելով որպես՝  Եվրամիությանն ինտեգրվելու խոչընդոտ։ Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։ Բողոքի ցույցերը առաջին երեք օրերին վերաճեցին ոստիկանության հետ բախումների։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am