Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Armenpress 13:13, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքում: Միջոցառմանը մասնակցել է նաև Լեերի քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Քլաուս Պիտեր Հորսթի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառման մասնակիցները  ծաղիկներ են խոնարհել Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Խաչքարը տեղադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 10-ին ՝ Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներ Ալբերտ և Սամվել Թովմասյանների նախաձեռնությամբ: Լեերի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել հայկական խաչքարը ներառել պատմական հուշարձանների ցանկում՝ պետական հոգածության ներքո:

Հայոց ցեղասպանության տարելիցին  նվիրված հիշատակի միջոցառմանը ներկա են եղել նաև գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ, Լեերի նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլները, որն էլ ստորագրել էր հայկական հուշաքարը Գերմանիայում տեղադրելու որոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am