Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Armenpress 12:43, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Բելգորոդի մարզում, ինչպես նաև Ղրիմում դեղին տեղումներ են եղել, իսկ երկինքը դեղին գույն է ստացել աֆրիկյան ավազամրրիկի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստան են հասել աֆրիկյան փոշին և ավազը: Բելգորոդում «դեղին տեղումներ են»: Երկինքը դարձել է դեղին, իսկ անձրևից հետո ավտոմեքենաների և առարկաների վրա դեղին շերտ է նստել», - հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։

Օդերևութաբանը նախազգուշացրել է, որ աֆրիկյան փոշին կարող է տարածվել մինչև երկրի հյուսիս-արևմուտք:

Սահարայից եկած ավազամրրիկը ծածկել է նաև Բալկանները։ Հույն օդերևութաբանները այն անվանել են «Կարմիր Միներվա»։

Ըստ The Guardian պարբերականի՝ ապրիլի 23-ին Սահարայից եկած ավազամրրիկի պատճառով դեղնանարնջագույն փոշին պատել է Աթենքը և Հունաստանի այլ քաղաքներ։ Տեսանելիությունը վատացել է, իշխանությունները բնակիչներին հայտնել են շնչելու հետ կապված հնարավոր խնդիրների մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am