Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո

Armenpress 12:19, 24 Ապրիլ, 2024

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն շեշտում է՝ 109  տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշել է, որ  տարիներ շարունակ տևած մահապատիժները, բռնի տեղահանումները և բոլոր տեսակի վայրագությունները երկար ժամանակ թաքնված են մնացել։ Նա ցավ է հայտնել, որ Ցեղասպանության փաստը դեռ հերքվում է մեծ թվով դերակատարների կողմից։

«Միջազգային հանրության կողմից այդ հանցագործությունների ճանաչումն ու միանշանակ դատապարտումը կարևոր են ոչ միայն զոհերին արդարադատության տուրք մատուցելու համար, այլև անցյալի կրկնումը կանխելու համար», - ասել է Կաստալդոն՝ հավելելով, որ բոլորն էլ գիտեն, թե այս վերջին տարիներին ինչ մարտահրավերների է բախվել հայ ժողովուրդը:

«Այժմ մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի վերջ դնենք այս տառապանքներին: Մենք պետք է միասին աշխատենք տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար։ Մենք բոլորս միասին պետք է աշխատենք հայ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար, ապագա, որը կա և պետք է լինի մեր ընդհանուր եվրոպական ընտանիքում», - եզրափակել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am