ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Armenpress 15:45, 20 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կվերանայի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, եթե անդամակցի Եվրոպական Միությանը։

«Օտարերկրյա գործակալների մասին» անունը ստացած աղմկահարույց օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է Վրաստանի խորհրդարանի կողմից։

«Եթե մեզ ասեն, որ վաղը կդառնանք Եվրամիության անդամ, շատ հեշտ կլինի չեղյալ համարել օրենքը, վերանայել այն, վերափոխել  կամ ընդունել նորը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ղարիբաշվիլին։  

Քաղաքական գործիչը հավելել է՝ Վրաստանը Եվրամիության հետ հարաբերություններում իր գագաթնակետին է հասել, երբ 2023 թվականի դեկտեմբերին նրան տրվել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Դրանից հետո սկսվում են Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները, սակայն Միության անդամ երկրների միջև դեռևս չկա կոնսենսուս Վրաստանի անդամակցության հարցում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am