Չի կարող Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթաց լինել՝ առանց իրավական հիմքերի․ Արթուր Հովհաննիսյան

Armenpress 13:26, 15 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չի կարող Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի գնալ՝ առանց իրավական հիմքերի:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց Հայաստանի ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ՝ անդրադառնալով ընդդիմությունից հնչող մտահոգությանը, թե Հայաստանի իշխանությունը կարող է առանց իրավական հիմքերը հստակեցնելու Տավուշի հատվածում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթաց սկսել, անգամ զիջումների գնալ:

«Չի կարող լինել գործընթաց առանց իրավական հիմքերի: Մենք սրա մասին բազմիցս խոսել ենք»,–ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ անում են՝ ելնելով իրավական հիմքերից, դրա համար գործընթացները դանդաղ են գնում: «Ցանկացած քարտեզ, ցանկացած միլիմետր պետք է ունենա իրավական հիմք: Առանց սրա մենք առաջ չենք շարժվելու»,–նշեց պատգամավորը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ բազմաթիվ իրավական հիմքերի մասին խոսվել է. «Խորհրդային Միության փլուզումից հետո ի՞նչ սահմաններով անջատվեցին միութենական պետությունները, ադմինիստրատիվ սահմանները որտե՞ղ էին: Իրավական արձանագրում կար: Բայց հետո պարզվեց, որ այդ իրավական արձանագրումները դեռ ճշտումների խնդիր ունեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովները հենց դրա համար են ստեղծված, այդ խնդիրները պետք է լուծվեն:

Քոչարյանը շեշտեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի նպատակն Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն է:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am