Ժամանակակից արվեստի տարբեր դրսևորումները՝ մեկ հարկի տակ. «ArtKvartal»-ը ցուցահանդեսով և համերգով նշեց տարեդարձը

Armenpress 14:34, 13 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան երեք տարի «ArtKvartal»-ն իր շուրջ է համախմբել էնտուզիաստ ստեղծագործողների՝ ժամանակակից արվեստի  տարբեր ճյուղերում աշխատող նկարիչների, որոնք կարողանում են ստեղծել նորը, հետաքրքիրը, երբեմն՝ աներևակայելին ու զարմացնել թե՛ մտքի թռիչքով, թե՛ ստեղծագործական բազմազանությամբ:

«ArtKvartal»-ի ստեղծագործական թիմը, որը երբեք հանգիստ չի նստում տեղում, միշտ աշխատում է և արարում, արվեստի իրենց սիրելի կենտրոնի տարեդարձը տոնեց «In Time» խորագրով ցուցահանդեսով, որն ավելի հարստացավ «Կաթիլ» խմբի կատարումներով:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ նկարիչ, «ArtKvartal»-ի համահիմնադիր Հարութ Հովհարը պատմում է՝ Պուշկին 4 հասցեի շենքը, որում «ArtKvartal»-ն է, պատմամշակութային հուշարձան է, իսկ ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքները ներկայացված են ոչ միայն ցուցասրահում, այլև շենքի մառանում: Այն կառուցվել է 1860-ական թվականներին. Երևանի ամենահին մառաններից է: Մառանում եղել է «Նոյ» և «Արարատ» գինու և կոնյակի գործարանների պահեստը և մի սենյակ, որը ծառայել է որպես լաբորատորիա: 

Հարութ Հովհարի խոսքով՝ արվեստագետները ոչ միայն ստեղծագործում, այլև ապրում են  «ArtKvartal»-ում, որտեղ նաև «Բաբելոն» թատրոնն է գործում:

«Երեք  տարի առաջ ես, Սերո Սողոմոնյանը, Անի Չոփուրյանը որոշեցինք համատեղ ուժերով կյանքի կոչել այս մշակութային նախագիծը:  Այստեղ ներկայացված է հայ ժամանակակից արվեստը: Իրականացվում են արվեստի պատմության դասախոսություններ, արտ թերապիաներ: Մենք անդադար աշխատում ենք մշակույթի տարբեր ուղղություններով և ամիսը երկու անգամ ցուցադրություններ ենք կազմակերպում»,-նշում է նկարիչն ու հավելում՝  իրենք առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ իրավունք ունեն չօգնել ինչ-որ մեկին, ինչ-որ մեկին խանգարելու իրավունք ևս չունեն:

Տոնական «In Time» ցուցահանդեսում ընդգրկված են տասնմեկ նկարչի աշխատանքներ՝ ինստալյացիաներ, լուսանկարներ, քանդակներ և այլն: Եթե մասնագետ չեք ու փորձում եք հասկանալ, թե ինչ է ասել հեղինակը, տարբեր պատասխաններ կարող եք գտնել, իսկ երբ հեղինակն ինքն է մեկնաբանում իր ստեղծագործությունը, զարմացնում է խորաթափանցությամբ:

Հարութ Հովհարն ու Սմբատ Մանուկյանը ցուցադրությանը համատեղ ինստալյացիա են ներկայացրել:

«Այս աշխատանքն այն է, ինչի մասին ցանկանում է խոսել յուրաքանչյուրը: Ինձ համար սա կնոջ և տղամարդու հանդիպումն է, նրանց շփումը»,-շեշտում է Հովհարը:

Ցուցահանդեսը համակարգել է Սերո Սողոմոնյանը, որը նշում է՝ ցուցադրությունը հստակ ժանրային ուղղվածություն չունի:

«Մեր ժամանակներում համադրելն այնքան էլ հեշտ աշխատանք չէ, մանավանդ մեր պարագայում, երբ գործ ունենք տարբեր ժանրերում, տարբեր տեխնիկաներով աշխատող արտիստների հետ, բայց  կարևոր են կոնցեպտը, էնտուզիազմը, արարելու ցանկությունը»,-ասում է նա:

Սողոմոնյանը ցուցադրությունը բնութագրում է որպես կյանքի, հոգու, հայ ժամանակակից արվեստի էվոլյուցիա: Ըստ նրա՝ տարիների ընթացքում իրենք ապացուցել են, որ հայ ժամանակակից կերպարվեստը կա, գնալով զարգանում է և մրցակցային է:

«ArtKvartal»-ի համար ավանդույթ  է դարձել իր տարեդարձները «Կաթիլ» խմբի հետ տոնելը, խումբ, որը հայկական երգերի ինքնատիպ մեկնաբանություններով գրավում է ոչ միայն հայ, այլև օտար արվեստասերների ուշադրությունը:

«Կաթիլ»-ի վոկալիստ, կիթառահար Սևադա Համբարչյանն ասում է՝ հաճախ է եկել Պուշկի 4 հասցե, երբ այդտեղ դեռ միայն Հարութ Հովհարի արվեստանոցն էր: Փոքր համերգներ են կազմակերպել տարածքում, հետո ավելի ընդլայնել են գործունեությունը:

«Հույս ունենք, որ ավելի կամրապնդվի նկարիչների, երաժիշտների, այն խմբերի միջև կապը, որոնք հենց նկարիչների հոգեբանությամբ են ստեղծագործում, այսինքն՝ անկախ են, ազատ, իրենց ստեղծագործական ուղին ունեն: Ինչպես ամեն տեղ, այնպես  էլ արվեստում կհաղթի միասնականությունը»,-հավաստիացնում է Սևադան:

«ArtKvartal»-ի տարեդարձը տոնելու էին եկել նկարիչներ, գրողներ, երաժիշտներ, մշակույթի այլ ոլորտների ներկայացուցիչներ, արվեստասերներ և պարզապես  հետաքրքրասերներ: Բոլորն անհամբերությամբ էին սպասում ցուցանմուշներն ուսումնասիրելուն և համերգն ունկնդրելուն:

Հյուրերից էր Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

«Շատ հետաքրքիր ցուցահանդես է: Այստեղ միշտ նոր մոտեցումներ, նոր գաղափարներ է հնարավոր գտնել: Շատ եմ կարևորում մեր քաղաքում «ArtKvartal»-ի տեղը, դերը, ճանաչում եմ այս գողտրիկ վայրի հիմնադիրներին, որոնք անում են ամեն ինչ, որ մեր ժամանակակից արվեստն ամուր ու հաստատուն քայլերով առաջ գնա»,-ընդգծում է Սաֆարյանն ու շնորհավորում ստեղծագործական թիմին, մաղթում, որ արվեստի օջախն ընդլայնվի, քանի որ արվեստասերը նման միջավայրում զգում է իրական արվեստն ու ժամանակը:

«ArtKvartal»-ի հիմնադիրները հավաստիացնում են՝ այն արվեստասերները, որոնք մեկ անգամ այցելում են իրենց, անպայման վերադառնում են ծանոթների, այլ արվեստասերների ու արվեստագետների ընկերակցությամբ: Հիմնադիրները չունեն աջակիցներ և չեն ցանկանում շատ բարձրաձայնել իրենց մասին: Կարծում են՝ պետությունն այժմ իրենց օգնության կարիքն ունի, ուստի պետք է անեն հնարավորը` նրա կողքին լինելու համար:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am