Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուշագիր է կնքել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ

Armenpress 19:56, 9 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ապրիլի 9-ին համագործակցության հուշագիր են կնքել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, հուշագրի կնքումը նպատակ ունի ընդլայնել և ամրապնդել հանձնաժողովի ու կրթական հաստատությունների միջև համագործակցությունը, բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը գիտական ներուժի օգտագործման և բարձրագույն որակավորմամբ մասնագետների պատրաստման շնորհիվ,  ուսանողների համար գործնական հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություն ստեղծել` դյուրացնելով բուհ-աշխատաշուկա ճանապարհը:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով այս նախաձեռնությունը՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն առանձնահատուկ կարևորություն է տալիս կրթական հաստատությունների հետ համագործակցությանը, և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Մասնավորապես, հանձնաժողովի ներկայացուցիչները դասախոսություններով են հանդես գալիս տարբեր բուհերում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ հուշագրի շրջանակում առաջիկայում մագիստրոսական ծրագիր է նախատեսվում իրականացնել, ուսանողները մասնագիտական պրակտիկա են անցնում հանձնաժողովում, ինչպես նաև ներգրավվում որպես փորձնակ՝ հետագայում  աշխատանքի անցնելու հնարավորությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am