ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում

Armenpress 18:48, 4 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտնում՝ մեղադրելով դրանում վերջինիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամ Ուսամա Համդանի խոսքերը՝ Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսից։

«Հրադադարի շուրջ բանակցությունները, ցավոք, ավելի շուտ փակուղի են մտնում, քան առաջ են շարժվում՝ չնայած ՀԱՄԱՍ-ի ջանքերին»,- հայտարարել է Համդանը։

Նա հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դիրքորոշումը խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության ձեռքբերմանը:

«Չնայած մեր բոլոր ջանքերին, Իսրայելը շարունակում է անտեսել Պաղեստինի ժողովրդի ազգային պահանջները», - հայտարարել է նա՝ հավելելով, որ  Նեթանյահուն խոչընդոտում է բանակցություններում առաջընթացին և գործարքի կնքմանը, ինչպես նաև չի ձգտում ազատել իսրայելցի գերիներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am