«Կանազ» մշակութային համալիրում կհիմնվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա

Armenpress 18:25, 29 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կանազ» մշակույթի շենքում կհիմնվի միջազգային չափանիշներին համապատասխան երաժշտական կրթության հաստատություն՝ «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիան, որտեղ կկազմակերպվի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մանուկների,  պատանիների և երիտասարդների ուսումնառությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Կանազ» մարզամշակութային շենքում շրջայց կատարելուց հետո:

«Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում մնալուց հետո այստեղ քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել հիմնանորոգման ծրագիր: Այստեղ տեղակայվելու է Երևանի առաջին միջազգային երաժշտական ակադեմիան, որտեղ սովորելու են 6-16 տարեկան երեխաներ: Կարծում եմ, որ շենքը տալիս է հնարավորություն ստանալու մի յուրօրինակ միջավայր միջազգային մասնագետների ներգրավմամբ երաժշտական կրթության ոլորտում ավելի բարձր մակարդակի հասնելու համար: Պլանավորում ենք այստեղ տեղակայել նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը: Սա լինելու է սկզբնական կետ այն բոլոր տաղանդավոր երաժիշտ երեխաների համար, որոնք ունեն տաղանդ: Եվ այսուհետ նրանք ունենալու են նաև հնարավորություն հասնելու մեծ բարձունքների՝ ստանալով լավ կրթություն հենց Երևան քաղաքում»,- ներկայացրեց Ավինյանը:

Ակադեմիան ունենալու է գործունեության երկու հիմնական ուղղություն՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար: «Երաժշտական նախակրթարան» բաժնում ուսումնառություն կստանան 2-ից 6 տարեկան երեխաներ: 6-ից 16 տարեկան երեխաներն էլ դպրոցում հնարավորություն կունենան ստանալ երաժշտական խորացված կրթություն՝ տեսական և գործնական պարապմունքների միջոցով:

«Թվում է, թե շատ գեղեցիկ, տեղական հուշարձան հանդիսացող շենքը նման վերաբերմունքի չպետք է արժանանար: Երևանի քաղաքապետարանը շատ կտրուկ որոշում է կայացրել, բոլոր այդ ներդրումային ծրագրերը չեղարկել և բոլոր այն տեղերում, որտեղ այդ ծրագրերը չեն իրականցվել, մենք ստանձնելու ենք այդ միջավայրերը վերականգնելու պատրաստակամությունը: Սա ընդամենը օրինակներից մեկն է»,- շեշտեց քաղաքապետը:

Քաղաքապետարանից տեղեկացրին՝ ակադեմիայի լսարանների բրենդավորումն ու ձևավորումը իրականացվելու է Երևանի կոնցեպտի օգտագործմամբ. կլինեն 12 մայրաքաղաքների անուններով լսարաններ: Ընդհանուր միջավայրի և դասասենյակների ձևավորվումը ևս իրականացվելու է Երևանի պատկերներով, խորհրդանշող հուշարձանների, տեսարժան վայրերի, քաղաքի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց պատկերներով: Առանձին դասաժամեր են հատկացվելու Երևանին ներհատուկ մշակույթին, պատմությանը, կենցաղին վերաբերող թեմաներին:

Ավինյանը եզրափակելով նշեց՝ այս տարի կիրականցվի սեյսմիկ վերլուծություն, նախագծի ստեղծում, եթե ամեն ինչ հարթ ընթանա, 2025 թվականին կսկսեն վերանորոգման աշխատանքները:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

«Կանազ» մշակույթի տունը կառուցվել է 1958թ.-ին (ճարտարապետներ՝ Ս. Մանուկյան, Վ. Տոնիկյան): Գտնվում է Երևանի Ազատության պ. 19 հասցեում: ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի հ. 1616-Ն որոշմամբ՝ ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակով:

Մշակույթի տունը ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի (КанАЗ) աշխատակիցների ազատ ժամանցի և ստեղծագործական ինքնագործունեության ապահովման նպատակով: Երկար տարիներ մշակույթի տանը գործել են ինքնագործ պարախմբեր, երաժշտական համույթներ, որոնցից շատերը հանրապետական և համամիութենական համբավ են ունեցել:

Հետխորհրդային շրջանում մշակույթի տունը առանձնացվել է գործարանից և հանձնվել պետգույքին, այնուհետև՝ Երևան համայնքին:

2017թ.-ին շենքը ներդրումային ծրագրի դիմաց 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնվել «Արվեստի այբուբեն» հիմնադրամին: 2024թ.-ին, պայմանագրային պարտավորությունների չկատարման հիմքով՝ շենքը վերադարձվել է Երևան համայնքին:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am