Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել

Armenpress 15:12, 29 Մարտ, 2024

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Նորակերտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի շնորհիվ քանակապես ու որակապես բարելավվել է բնակավայրի տնտեսությունների ջրամատակարարումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանից, Նորակերտի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 46 մլն 400 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում  ապամոնտաժվել է խմելու ջրագծի արտաքին ցանցի հին գիծը՝ 3893 մ ընդհանուր երկարությամբ և փոխարենը կառուցվել նոր ջրատար՝ պոլիէթիլենային խողովակներով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսին և ավարտվել հոկտեմբերին։ Այժմ Նորակերտի տնտեսությունները ստանում են որակյալ ու շուրջօրյա ջրամատակարարում։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am