Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Armenpress 20:44, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Գյուղատնտեսության ոլորտի դիմակայության և արդյունավետության բարձրացում․ հանրային ներդրումների առաջնահերթությունների քննարկում» աշխատաժողովին

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ։

Միջոցառման նպատակն էր որոշել հանրային ներդրումների առաջնահերթությունները՝ կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի դիմակայությունը, ինչպես նաև արդյունավետությունն ու մրցունակությունը բարձրացնելու նպատակով։

«Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև տնտեսության մի շարք այլ ճյուղերում. էկոհամակարգերի և կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտներում, ուստի չափազանց կարևոր է ցուցաբերել միասնական մոտեցում քաղաքականության մշակման և առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում լուծումների առաջարկման տեսնակյունից», - նշել է Արման Խոջոյանը։

Նախարարի տեղակալը միաժամանակ ընդգծել է, որ խնդիրների հնարավոր լուծումները համատեղ ուսումնասիրելիս հարկավոր է նկատի ունենալ նաև դրանց ազդեցությունը տնտեսության միկրո- և մակրոմիջավայրի վրա։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության սպառնալիքներին և մրցունակությանը, ՀՀ կառավարության կլիմայական պլանավորմանը և ծրագրերին, կլիմայի առումով «խելացի» պլանավորման տեխնիկական և ռազմավարական տարրերին վերաբերող մի շարք հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am