Երևանում մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքներ. քաղաքապետարանից վարորդներին հորդրում են ավելի զգոն լինել

Armenpress 19:40, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքում մարտի 27-ից մեկնարկում են փոսային նորոգման աշխատանքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: 

«Հրատապությունից ելնելով աշխատանքները իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում»,- գրել է նա:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am