Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը

Armenpress 12:43, 26 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բիզնես-բուհ կապն ամրապնդելու նպատակով Team Systems-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ անցկացրեց «Կանաչ էներգիա և խելացի տեխնոլոգիաներ» խորագրով երկօրյա աշխատաժողով և հաքաթոն։

Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրատեխնիկական համակարգերի, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների և շենքերի ավտոմատացման թեմաներով:

Հաքաթոնի ընթացքում ուսանողները Team Systems ընկերության առաջատար մասնագետների մենթորությամբ պատրաստեցին խելացի նախագծեր ՀԱՊՀ ենթակառուցվածքների համար, որոնցից լավագույնները կկիրառվեն ապագայում:

Կարևորելով մասնավոր-բուհ համագործակցությունը՝ սմարթ տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը նշեց, որ այսպիսի կրթական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ ու իրենց թիմը պատրաստվում է ուսանողների հետ պարբերաբար կիսվել գիտելիքներով ու փորձով։

Այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնել նորարարական մտածելակերպ և առաջարկել լուծումներ իրական խնդիրներ լուծելու համար: ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ ուսանողները, նմանօրինակ ծրագրերի մասնակցելով, ձևավորում են ակադեմիական գիտելիքներ և պրակտիկ նախագծերի իրականացման միջոցով կարող են դառնալ իրական մասնագետներ:

Team Systems ընկերությունը Team ընկերությունների խմբի անդամ է։ Այն հանդիսանում է էլեկտրական և ցածրահոս համակարգերի նախագծման ու իրականացման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Team Systems-ը HPE, Lenovo, Cisco, APC, Siemon, Huawei, HDL համաշխարհային հսկաների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունը կառուցում և սպասարկում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ամբողջ Հայաստանում, ինչպես նաև իրականացնում է «խելացի տուն, գրասենյակ, հյուրանոց» համակարգերի մշակում և իրագործում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am