Հայաստանը կարևորում է ՄԹ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով. Ալեն Սիմոնյան

Armenpress 12:53, 25 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդարանի ղեկավարն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը:

«Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմավարական երկխոսության մակարդակով»,- ասել է ԱԺ նախագահը:

Նա բարձր է գնահատել Հայաստանի եւ Միացյալ Թագավորության օրենսդիր մարմինների համագործակցությունը եւ ընդգծել երկու երկրների միջեւ փոխայցելությունների եւ անձնական շփումների դրական դինամիկան:

«Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է, եւ այս առումով ես պետք է շեշտեմ Միացյալ Թագավորության դերն ինստիտուցիոնալ ձեւավորման խթանման եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգության իրավիճակը, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց սոցիալական խնդիրները, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացը:

Անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը տարածաշրջանում միջազգային իրավունքի պահպանման եւ խթանման հարցում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am