Ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք զինված ներխուժման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով

Armenpress 21:20, 24 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեք զինված անձի կողմից Հայաստանի ոստիկանության Նոր Նորքի բաժանմունք ներխուժման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտից։

«ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով։

Ներխուժած անձանցից երկուսը Ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։

Վերջինս ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ 

Կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Հետագայում ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը թույլատրելիության սահմաններում կտեղեկացնի քննության արդյունքների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am