Ավելի քան 100 միգրանտներ գետնին են տապալել Ազգային գվարդիայի անդամներին՝ փորձելով մտնել ԱՄՆ

Armenpress 14:26, 22 Մարտ, 2024

 ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 100 միգրանտներ փորձել են մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ ճեղքելով փշալարերը և գետնին տապալելով Տեխասի Ազգային գվարդիայի աշխատակիցներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է New York Post թերթը։

Պարբերականի տվյալներով՝ մարտի 21-ին մոտ 600 միգրանտներ են գտնվել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Տեխասի Ազգային գվարդիան փորձել է մարդկանց բաժանել ավելի փոքր խմբերի: Իրավիճակը սրվել է, երբ գվարդիականները փորձել են որոշ  կանանց և երեխաների առանձնացնել տղամարդկանցից, ինչի պատճառով միգրանտները ճեղքել-անցել են արգելափակոցները, այնուհետև հրել և գետին տապալել սահմանային անվտանգությունն ապահովող աշխատակիցներին:

«Իրավիճակը վերցվել է հսկողության տակ…. Այդ անօրինական ներգաղթյալները հանցագործություններ են կատարել Տեխասում, և Հանրային անվտանգության վարչությունը ցուցում է ստացել է ձերբակալել յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի, ով մասնակցել է հանցավոր ոտնձգությանը և գույքի ոչնչացմանը», - ասված է  նահանգապետի աշխատակազմի հայտարարության մեջ:

Մարտի 19-ին ԱՄՆ գերագույն դատարանը Տեխասի իշխանություններին թույլ է տվել գործնականում կիրառել ապօրինի ներգաղթի կասեցման միջոցների խստացման օրենքը, սակայն դաշնային իշխանությունները դեմ են հանդես եկել դրան։ Օրենքը, որն ստորագրել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին, նահանգի իրավապահ մարմիններին թույլ է տալիս ձերբակալել միգրանտներին, իսկ դատավորներին՝ որոշում կայացնել նրանց արտաքսելու մասին: Մեքսիկայի իշխանությունները խստորեն դատապարտել են ընդունված օրենքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am