Podcast. Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի. Երվանդ Զորյան

Armenpress 09:40, 21 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում գերազանցության կենտրոն է և աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի: 

«Արմենպրես» Podcast-ում «Սինոփսիս» ընկերության առաջատար գիտնական, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամ և Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը խոսել է իր անցած ուղու, «Սինոփսիս» ընկերության դերի և Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մասին: 

«Հայաստանում միկրոէլեկտրոնիկան ՏՏ ոլորտում առաջացած առաջին ուղղությունն է: ՏՏ-ում զանազան ուղղություններ կան, բայց միկրոէլեկտրոնիկայի ուղղության մեջ համաշխարհային մակարդակի տեղ ունենք: Այսօր դա պետք է պահել և զարգացնել: Խոսելով միկրոէլեկտրոնիկայի ոլորտի գիգանտների հետ՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի մասին բոլորը գիտեն: Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում աշխարհի քարտեզի վրա իր ուրույն տեղն ունի»,- մեկնաբանեց նա:

Զորյանը ՏՏ ոլորտում Հայաստանի ունեցածն ու ստեղծածը բարձր է գնահատում՝ ընդգծելով, որ Հայաստանը գերազանցության կենտրոն է և՛ «Սինոփսիս»-ի համար, և՛ ընդհանրապես միկրոէլեկտրոնիկայի մեջ: 

«Մենք ավելին անելու տեղ ունենք: Ավելին պետք է անենք և՛ քանակով, և՛ որակով: Քանակով բավարար աշխատողներ չունենք: Տաղանդներ պատրաստելը կարևոր է, որի համար էլ ուսումնական շատ ծրագրեր ենք իրականացնում և՛ համալսարանների, և՛ բուհերի համար: Քանակը նաև ոլորտի աճ կապահովի: Հայաստանում ՏՏ ոլորտի աճը մինչև 2030 թվականը նախատեսվում է կրկնապատկել: Այս պահին ոլորտում 56 հազար աշխատող կա, մինչև 2030-ը նախատեսում է այդ թիվը 130 հազարի հասցնել: Մեր նախընտրած կետին հասնելու համար ոլորտի զարգացման լավ մշակված ռազմավարություն է պետք»,- ասաց Զորյանը: 

Նա նաև տեղեկացրեց՝ առաջիկայում պետության հետ ՏՏ ոլորտի համար ռազմավարություն կմշակվի՝ հասկանալու հաջորդ տարիներին երկրի անելիքները, թե ինչպես նոր ընկերություններ Հայաստան բերել, դպրոցական/բուհական կրթությունն ինչպես կազմակերպել, գիտահետազոտական ուղղություններին ինչ ընթացք տալ և այլն:

Մանրամասների համար լսեք ամբողջական Podcast-ը:

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am