Էլեն Մեղսիե-Առնոն‚ Լուի Լորթին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Ֆրանկոֆոնիայի օրվա համերգով

Armenpress 20:48, 20 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-ին կներկայացնի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նվագախմբից, երեկոն հագեցած է լինելու ֆրանսիական շնչով. hամերգային ծրագրում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Մորիս Ռավելի «Պավան հանգուցյալ արքայադստեր համար» ստեղծագործությունը՝ փոքր նվագախմբի համար‚ Ֆրանսիս Պուլենկի Կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար‚ Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի կեսօրվա պրելյուդ» սիմֆոնիկ պոեմը և «Ծովը»։  

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին։

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին տասնյակ տարիներ միասին հանդես են գալիս որպես մեծ պահանջարկ վայելող դուետ։

«Chandos Records» ընկերության հետ նրանք ձայնագրել են դուետային կատարումների 8 ալբոմ: Նրանց ձայնադարանը ներառում է չորս ձեռքի և երկու դաշնամուրի համար գրված ամենահայտնի ստեղծագործությունները՝ Մոցարտից, Շուբերտից մինչև Դեբյուսի և Ռավել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am