Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է

Armenpress 20:31, 20 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության  դեպքերի թիվը նվազել է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եթե հունվար-փետրվար ամիսներին իսկապես մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակների մասով, ապա վերջին երկու շաբաթում նկատելի է թվերի նվազումը թե՛ հիվանդացության, թե՛ հոսպիտալացման առումով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում հիվանդությունների տարածմանը չնպաստելուն, Անահիտ Ավանեսյանը՝ որպես վարակիչ հիվանդությունների տարածման դեմ լավագույն միջոց հորդորեց պատվաստվել և հետևել հիգիենային, հիվանդ վիճակում տանից դուրս չգալ և այլն։

«Բոլոր այն վարակիչ հիվանդությունները, որոնք շատ ծանր ընթացք ունեն և վտանգավոր են, դրանց հիմնական մասը կանխարգելելի են, եթե քաղաքացին պատվաստված է»,- ասաց նա։

Ավանեսյանը նշեց, որ 2024 թվականից մեկնարկում է նաև ջրծաղիկի պատվաստման ծրագիրը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am