Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանից. Ստոլտենբերգ

Armenpress 14:14, 19 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստոլտենբերգը թեմային անդրադարձավ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարության ժամանակ:

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որ Պուտինը չհաղթի իր պատերազմում»,-ասաց նա:

Ստոլտենբերգը հավելեց՝ մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, այդ պատճառով էլ պետք է ոչ թե պակասեցնել, այլ ավելացնել աջակցությունն Ուկրաինային։

«Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանից»,-ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am