«Նոր գիրք»-11/24. Սարդարյան, Ռայդեր, Քիփլինգ, Մեյնանդեր

Armenpress 09:25, 18 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Հայ գրականություն
Գրիշ Սարդարյան, «Հրամանագիրք»

Վեպում ծավալվող հորինածին իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում: Գլխավոր հերոս Արգինեն իր աշխատավայրում լրացնում է հրամանագիրքը, որը դառնալու է նան իր Հրամանավեպը: «Հնարավո՞ր է վեպ առանց գրքի: Թող գիրքն ընդհանրապես աներևութանա վեպի վրայից: Մնա ստվեր ու մնա հովանի: Ի՞նչ կլինի»: Կանոնակարգված ու չոր Հրամանագրքից անցումը դեպի գեղարվեստական Հրամանավեպ ներառում է Արգինեի մանկությունը, 90-ականները, ծննդավայր-քաղաքը, փոխհարաբերությունները, մարդկանց, ազատագրելու է կյանքը անցյալը/ներկան/ապագան, խնդիրների ու դատողությունների արգինեական շղթայով ապացուցում, որ «բոլոր համընկնումները պատահական են»: Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

Թարգմանական գրականություն
Հագարդ Հենրի Ռայդեր, «Մոնթեսումայի դուստրը»

Սա անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագարդի ամենահայտնի վեպն է՝ նվիրված Մեքսիկայի բնիկների՝ ացտեկների պայքարին ընդդեմ իսպանացի բիրտ ու դաժան նվաճողների, որոնց առաջնորդում էր Էռնանդո Կորտեսը: Գլխավոր հերոսը՝ անգլիացի Թոմաս Վինգֆիլդը, որն ուղևորվել էր Իսպանիա՝ իր մորը սպանողին գտնելու, ակամա հայտնվում է այլ մայրցամաքում և ճակատագրի բերումով դառնում է ացտեկների կայսր Մոնթեսումայի դստեր՝ Օտոմիի ամուսինը, որի հետ էլ վկան է լինում այդ քաղաքակրթության մայրամուտի օրերի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

 

Մանկապատանեկան գրականություն
 Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը»

Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:

Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ»-ը։

 

Փաստավավերագրական գրականություն
Հենրիկ Մեյնանդեր, «Ֆինլանդիայի պատմություն»

Հենրիկ Մեյնանդերը գիտահանրամատչելի ձևով պատմում է Ֆինլանդիայի ամբողջ պատմությունը՝ բացատրելով, թե ինչպես է առաջացել այդ երկիրն ու ժողովուրդը, ինչպես է ձևավորվել ֆիննական ինքնությունը համաշխարհային պատմության համատեքստում:

Գիրքը բացահայտում է ֆիննական հրաշքի գաղտնիքը. ինչպե՞ս շվեդական գավառը դարձավ ռուսական ինքնավար դքսություն, արևմուտքի ու արևելքի բախման կիզակետում գտնվելով՝ փրկվեց 20-րդ դարում ու դարձավ աշխարհում տեխնոլոգիական առաջատար երկրներից մեկը:

Հատուկ հայերեն թարգմանության համար հեղինակը լրացրել է գրքի վերջին գլուխը՝ ներկայացնելով Ֆինլանդիայի համար 2023-ին տեղի ունեցած պատմական մեծ իրադարձությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը:  Թարգմանիչ՝ Դավիթ Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am