ՌԴ  նախագահական ընտրությունների քվեարկությունն այդ երկրի քաղաքացիները  Հայաստանում իրականացնում են հինգ ընտրատեղամասում

Armenpress 13:22, 17 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների քվեարկությունը Հայաստանում տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում, քվեարկության գործընթացը կազմակերպված է պատշաճ մակարդակով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 17-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝  ընտրատեղամասեր են բացվել Երևանում՝ ՌԴ  դեսպանատանը, ավիաբազայում, Գյումրիում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և երկու տեղամաս՝ 102-րդ ռազմաբազայում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի, Հայկ Մանուկյանի

Ըստ դեսպանի՝ մարտի 11-ից 13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն, որին մասնակցել է 844 մարդ՝ սահմանապահներ և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքացիներ։

Կոպիրկինն ուրախալի է համարել, որ վաղ առավոտից ՌԴ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը։

Կիրակի Երևանում և Գյումրիում ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8:00-ին և կփակվեն 20:00-ին:

ՌԴ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածու՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am